Ապրիլի 19-ին Հաագայում` Նիդեռլանդների խորհրդարանի դիմացի Het Plain հրապարակում, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեն և Նիդեռլանդների Հայ Դատի Հանձնախումբը («Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ») հանրահավաք անցկացրեցին Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ: Հանրահավաքին ներկա էին մի քանի հարյուր ցուցարարներ և Նիդեռլանդների Երկրորդ պալատում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներ Քեյս վան դեր Ստայը, Հարրի վան Բոմմելը, Յոել Վորդեվինդը, Հենկ Յան Օրմելը, Մարիեկո Պետերսը և Վիմ Կորտենուվեն:
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան խորհրդարանի անդամները, հոլանդահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները քայլարշավով շարժվեցին դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: