20 ապրիլի 2011 - 14:00 AMT
Արծվիկ Մինասյանի կարծիքով Հայաստանում տարվա ավարտին կգրանցվի երկնիշ գնաճ

Տարվա արդյունքներով Հայաստանում սպասվում է գնաճի երկնիշ ցուցանիշ, կարծում է ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը: Միաժամանակ, նա նշել է, որ Կենտրոնական բանկը ձևական, մասնավորապես, խոշոր դրամական փոխանցումների ճանապարհով տարեվերջին կարող է ցույց տալ, որ տարվա արդյունքներով իրեն հաջողվել է հասնել բյուջեով նախատեսված գնաճի ցուցանիշի՝ 1-2 տոկոս շեղումներով: «Բայց դա իրականություն չէ: Իրականությունն ավելի դառն է և դաժան»,- ասել է նա:

Մինասյանի խոսքերով, գործող իշխանություններին չի հաջողվի այնպիսի քաղաքականություն իրագործել, որը կարող է ապահովել երկնիշից ցածր գնաճի ցուցանիշ: Նա նաև կասկած է հայտնել այն առիթով, որ կառավարությանը կհաջողվի խոշոր հաջողությունների հասնել գյուղատնտեսության ոլորտում, ինչը թույլ կտա կանգնեցնել սննդամթերքի գների բարձրացումը: Մինասյանը նշել է, որ գնաճի զսպումը միայն մոնետար գործիքներով, ինչպես դա անում է ԿԲ-ն, չի կարող հանգեցնել հաջողության: Նա նշել է, որ հայկական տնտեսության զգալի մասը գտնվում է ստվերում, և գնաճը զսպելուն ուղղված կառավարության և ԿԲ միջոցները միայն հարվածում են նրանց գրպաններին, ովքեր աշխատում են օրենքի շրջանակներում, «իսկ ստվերային հատվածն այդ ժամանակ բարգավաճում է»:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ աճը 2011-ին նախատեսված է 4.6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոսի (±1,5 տոկոսի):