Ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին այցելել է Հայաստանի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ: Իր այցի ընթացքում Պիոտրովսկին մանրամասն ծանոթացել է մշակութաբանական համալիր փորձաքննությունների կատարման և անցկացման առանձնահատկությունների հետ: Նա ծանոթացել է այն մշակութաբանական համալիր փորձաքննությունների վարույթների հետ, որոնք կատարվել են ձեռագրագիտական, փաստաթղթային և նյութագիտական /ներկանյութ, մանրաթել/ համապատասխան բաժինների մասնագետների կողմից:
Այնուհետև, Պիոտրովսկին ծանոթացավ բաժնի պատմության, ինչպես նաև բաժնի փորձագետների հետ: Վերջում նա շրջել է այն բաժիններով և լաբորատորիաներով, որոնք մասնակցում են մշակութաբանական համալիր փորձաքննություններին: Մշակութաբանական փորձաքննությունների բաժնի պետ Է. Ավանեսովը և վերը նշված բաժինների պետերը ներկայացրել են կատարված աշխատանքները և կարևորել մշակութաբանական փորձաքննությունների համալիր անցկացումը:
Ինչպես տեղեկացնում է բյուրոյի պաշտոնական կայքը, Պիոտրովսկին գոհունակություն է հայտնել մշակութաբանական փորձաքննությունների բաժնի կողմից կատարած աշխատանքների առնչությամբ և պատրաստակամություն հայտնել հետագա երկարատև համագործակցություն հաստատել բոլոր այն բաժինների հետ, որոնք մասնակցում են մշակութաբանական համալիր փորձաքննությունների անցկացմանը:
Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին այցելել էր Հայաստան ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով, որպես ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: