20 ապրիլի 2011 - 17:02 AMT
Լուսին Դինքը ֆիլմ կնկարահանի Վիլյամ Սարոյանի մասին

Ստամբուլաբնակ երիտասարդ կինոռեժիսոր Լուսին Դինքը կնկարահանի Վիլյամ Սարոյանին նվիրված ֆիլմ` «Ճանապարհորդություն Բիթլիս» վերնագրով: Ֆիլմը հաղթող է ճանաչվել ապրիլի 11-13-ը Ստամբուլում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում կայացած Վավերագրական ֆիլմերի աջակցությանն ուղղված հանդիպմանը և արժանացել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի սահմանած 30 000 դոլար մրցանակին:

Լուսին Դինքի` Հրանտ Դինքի եղբոր աղջկա ֆիլմը կպատմի 1964 թվականին Վիլյամ Սարոյանի Բիթլիս կատարած ուղևորության մասին:

Ըստ սցենարի` կնկարահանվի այն ճանապարհը, որը Սարոյանը անցել է մինչև Բիթլիս, կցուցադրվեն արխիվային լուսանկարներ, նյութեր և այսօրվա Բիթլիսը: Կլինի Սարոյանի երկու պատմվածքների բեմադրում, և վերջում նրա բոլոր հերոսները կհավաքվեն մեկ հարկի տակ`անիմացիայի միջոցով: Նախատեսվում է համագործակցություն հայ անիմատորների հետ:

Նախագծի պրոդյուսերը համշենահայ ռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր Օզջան Ալփերի եղբայրն է` Սոներ Ալփերը: