ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին, դեսպանության տարածաշրջանային տնտեսական ծառայության Կովկասի եւ Թուրքմենստանի հարցերով ղեկավար Դանիել Պատային եւ դեսպանատան տնտեսական հարցերով կցորդ Ժուլիեն Վալկովին:
Դեսպանի խնդրանքով նախարարը մանրամասն ներկայացրել է տրանսպորտի եւ ենթակառուցվածքների ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագրերը, այդ թվում` «Հյուսիս հարավ» ավտոմայրուղու, «Հյուսիս-հարավ» եւ Վանաձոր-Ֆիալետովո երկաթգծերի կառուցման ծրագրերի ընթացքը: Նախարարը դեսպանին առաջարկել է, որպեսզի վերոնշյալ ծրագրերի իրականացմանը մասնակցեն նաեւ ֆրանսիական ընկերությունները:
Մ.Վարդնայանն անդրադարձել է դեպի «Զվարթնոց» օդանավակայան նոր ճանապարհի, երկաթգծի եւ մետրոպոլիտենի կառուցման խնդիրներին, ինչպես նաեւ ընդհանուր տրանսպորտային հարցերին, այդ թվում` ավոտկայարանային տնտեսությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու նախագծին:
Նախարար Մ.Վարդանյանը կարեւորել է ֆրանսիական փորձի փոխանակումը հատկապես հեռուստատեսության թվայնացման ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից Հայաստանին հատակացված ուղեծրային կետերի համատեղ շահագործման հնարավորությունները:
Դեսպան Անրի Ռենոն իր պատրաստակամությունն է հայտել խորացնել այս ոլորտներում համագործակցությունը եւ հնարավորինս աջակցել վերոնշյալ ծրագրերի իրականացմանը, հաղորդում է տրանսպորտի և կապի նախարարի մամլո քարտուղարը: