20 ապրիլի 2011 - 18:45 AMT
Երևանում տեղի է ունեցել Աննա Բաբայանի «Դեռ կհանդիպենք, տղերք» վավերագրական ֆիլմի պրեմիերան

Հայաստանի ազգային գրադարանում կայացավ Աննա Բաբայանի «Դեռ կհանդիպենք, տղերք» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Արցախյան ազատամարտի երեք մասնակիցների` երգիչ Դավիթ Ամալյանի, «Կարին» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի և բժիշկ Կարեն Տոնոյանի մասին: 23-րոպեանոց ֆիլմում հերոսները պատմում են պատերազմում իրենց ապրումների, մտորումների մասին: Ֆիլմում օգտագործվել են Արցախյան հերոսամարտի մասին պատմող վավերագրական կադրեր:

Աննա Բաբայանն ասաց, որ ֆիլմը նկարահանվել է 2010 թ.-ի ամռանը, մոտ երկու ամսվա ընթացքում և այն թվով իր երրորդ ֆիլմն է: Այս ֆիլմով ռեժիսորը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Ես եմ» խորագիրը կրող կինոյի ամենամյա երիտասարդական փառատոնին: Ֆիլմի դիտմանը ներկա էին Արցախյան հերոսամարտի մասնակիցներ, զոհվածների մայրեր, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: