20 ապրիլի 2011 - 19:42 AMT
Կենտրոնի ծնողներ. Մանկապարտեզների բացման ժամի մասին քաղաքապետի որոշումը իրավական ուժ չունի

Երևանի կենտրոն համայնքի մանկապարտեզներ հաճախող երեխաների մի խումբ ծնողներ այսօր Երևանի քաղաաքապետարանում հանդիպել են քաղաքապետարանի աշխատակազմի Կրթության վարչության նախադպրոցական կրթության բաժնի պետ Սիլվա Աչոյանի հետ`քննարկելու քաղաքապետի վերջին հրահանգը մանկապարտեզների բացման ժամի վերաբերյալ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմեց հանդիպման մասնակից ծնողներից մեկը, ծնողները ներկայացրին իրենց դգոհություն քաղաքապետի հրահանգի առնչությամբ, համաձայն որի Կենտրոնի մանկապարտեզներ երեխաները պիտի հաճախեն ամենաուշը 8:30, որպեսզի չառաջացնեն խցանում մայրաքաղաքի Կենտրունում առավտոյան ժամերին:

“Մեզ Սիլվա Աչոյանը հայտնեց, որ սա դեռ որոշում չէ, այլ ընդհամենը փորձնական ծրագիր: Մենք մեր հերթին նշեցինք, որ համաձայն օրենքի, ծնողներն ու նախադպրոցական հաստատությունները կարող են պայմանավորվածության գալ, և երեխաները մանկապարտեզ հաճախեն ազատ գրաֆիկով: Քաղաքապետի հրահանգը որևէ իրավական ուժ չունի”,- նշեց Կենտրոն համայնքը ներկայացնող ծնողը:

Այնուամենայնիվ, քաղաքապետարանի ներկայացուցիչ-ծնողներ հանդիպման ընթացքում կողմերը որևէ լուծման չեն եկել: Սիլվա Աչոյանը փոխանցել է ծնողներին, որ մայիսի 16-17 պարզ կդառանա` ուժի մեջ կմտնի արդյոք փորձնական ծրագիրը թե ոչ: