21 ապրիլի 2011 - 13:42 AMT
Հայաստանում ամռանը կսկսի աշխատել բրիտանական կապիտալով նոր ընկերություն

Հայաստանի կառավարությունն ապրիլի 21-ի նիստում որոշում է ընդունել «Արարատ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը թույլատրելու մասին:

Ինչպես հայտնել է Հայաստանի կառավարության մամլո կենտրոնում կայացած ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը մինչև տարեվերջ հասնելու է 27 մլն դոլարի, որի արդյունքում ստեղծվելու է 220 աշխատատեղ: «Արարատ գրուպի» հիմնադիրը բրիտանական «Մարթոն ֆորեսթ գրուպ լիմիտեդ» ընկերությունն է, որը մտադիր է Հայաստանում կազմակերպել գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և հանքային ջրի արտադրություն` առաջատար տեխնոլոգիական հոսքագծերի կիրառմամբ, ինչը թույլ է տալու բարձրացնել արտադրանքի մրցունակությունն ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաներում և նպաստել Հայաստանից արտահանման ծավալների ավելացմանը: Նախարարը նաև հաղորդել է, որ ընկերությունը համարյա պատրաստ է և նրա տեխնիկական գործարկումը սպասվում է այս տարվա հունիս-հուլիսին:

Դրա հետ կապված` Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարության նման որոշումները բիզնեսին աջակցելու նպատակ ունեն: Այդ առումով նա նաև հավելել է, որ կառավարության գրեթե բոլոր նման որոշումները, ուղղված բիզնեսին աջակցելուն, հաջողություն ունեն բացառությամբ 1-2-ի, շուկայի իրավիճակի փոփոխությունների պատճառով: