21 ապրիլի 2011 - 14:12 AMT
Տիգրան Դավթյան. Կառավարության քաղաքականությունն ուղղված է նոր արտադրական հնարավորությունների ձևավորմանը

Այսօր 60 մլն դոլար ներդրումների ընդհանուր չափով 15 ընկերություններ արդեն ստացել են ԱԱՀ վճարումները երկարաձգելու վերաբերյալ պետական աջակցություն՝

ավելի քան 300 մլն դրամի ներդրումներ կատարելու դեպքում: Այս մասին ապրիլի 21-ին լրագրողերին Հայաստանի կառավարության մամլո կենտրոնում կայացած ճեպազրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Կառավարության քաղաքականությունն ուղղված է արտահանման խթանմանը, նոր արտադրական հնարավորությունների ձևավորմանը: Մեր հայացքն ուղղված է իրական հատվածում ներդրումներ ներգրավելուն, և այստեղ մենք կիրառում ենք պետաջակցության մի շարք մեթոդներ, այդ թվում` ԱԱՀ վճարումների երկարաձգում, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարացում»,- ասել է նա:

Նրա խոսքերով, կառավարությունը 10 ընկերությունների համար երկարացրել է «Ժամանակավոր ներկրում» մաքսային ռեժիմի ժամկետները և «այդ մոտեցումները շարունակվելու են և ընդլայնվելու»: Ինչպես նշել է նախարարը, խոսքը գնում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի մասին, որը ՀՀ խորհրդարանի կողմից արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ավելին, Տիգրան Դավթյանը հիշեցրել է, որ պետության ղեկավար Սերժ Սարգսյանը նաև հանդես է եկել նորարարական ձեռնարկություններին պետաջակցություն ցուցաբերելու նախաձեռնությամբ: