ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն միշտ հանդես են գալիս քաղաքական ուժերի հետ երկխոսության օգտին: Այդ մասին Երևանում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը քաղաքական երկխոսության խնդրի վերաբերյալ քննարկման ժամանակ, որի կազմակերպիչներն են «Մամուլի ազգային ակումբն» ու ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը:«Եթե երկխոսություն չլինի, դա վատ կլինի երկրի համար»,-ասել է Հովհաննիսյանը: Որպես Սարգսյանի երկխոսությանն ուղղված քայլերի օրնակ Հովհաննիսյանը նշել է Հանրային խորհրդի ստեղծումը, արդիական հարցերի քննարկումները տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ:
Կոալիցիայի իր գործընկերոջ հետ համամիտ էր «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ իր կուսակցությունը ևս միշտ կողմ է եղել քաղաքական երկխոսությանը: Նա հավելել է, որ չկա ներքին կամ արտաքին քաղաքականության այնպիսի հարց, որը չի կարելի քննարկել ամենաարմատական ընդդիմության հետ: