23 ապրիլի 2011 - 11:26 AMT
Հրատարակվել է «Փայլ և ճոխություն. Ստամբուլի հայկական ուղղափառ եկեղեցիների տեքստիլային գանձերը» գիրքը

Ստամբուլի հայկական պատրիարքության դռները բացվեցին երկու ամերիկացի գիտնականների համար, որոնք հետազոտություն հրապարակեցին 18-19դդ. կտորների ու մանվածքների մասին: 1998թ. Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը թույլ տվեց Ռոնալդ Մարչեսին ու Մարլեն Բրյուին աշխատել պատրիարքարանի արխիվում: Նրանց հետազոտությունների արդյունքը հանդիսացավ «Փայլ և ճոխություն. Ստամբուլի հայկական ուղղափառ եկեղեցիների տեքստիլային գանձերը» գիրքը, գրում է Hurriyet Daily News&Economic Review-ն:

Գիտնականները ուսումնասիրել են այն գործվածքները, որոնցից պատրաստված են պատրիարքնեի հանդերձանքը, ներառյալ նույնիսկ եկեղեցականների հողաթափերը: Հանդերձանքի մի մասը զարդարված է թանկարժեք քարերով:

«Հայ համայնքը հարուստ էր և հայերից շատերը կարևոր դեմքեր էին Օսմանյան կայսրությունում: Նրանցից շատերը սուլթանների ու վեզիրների մտերիմներն էին: Ոսկով և թանկարժեք քարերով զարդարված առարկաների մեծ մասը հետո որպես նվիրատվություն հանձնվել է եկեղեցուն»,-նշել է պրոֆեսոր Մարչեսը՝ հավելելով, որ գրքում ներկայացված նյութն առաջին անգամ է հեռազոտության առարկա դառնում: «Հանդերձանքն ու այլ հագուստները պատրաստվել են ավելի քան 200 տարի առաջ, նրանց մի մասը 300 տարեկան է»,-ասել է ամերիկացի հետազոտողը: