«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հրավերով հայտնի միջազգային կինոփառատոներին տեխնիկական աջակցություն ցույց տվող գերմանական «Film Projection Mondt» ընկերության տնօրեն Քրիստոֆեր Մոնդն այցելել էր Հայաստան: Նա ուսումնասիրել է երևանյան երկու՝ «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոնների տեխնիկական վիճակը: «Տեխնիկան վատը չէ, այն լավն է, բայց որոշ բաներ չեն աշխատում, կոտրված են, և այնպիսի տպավորություն է, որ տարիներ շարունակ չեն սպասարկվել: Կարելի է որոշակի կարգավորումներ անել, և այն կրկին լավ կաշխատի»,- նշել են նա:
«Մոսկվա» կինոթատրոնում ձայնի որակի բարձրացմանն ուղղված որոշակի աշխատանք կատարվել է: Բայց դա ժամանակատար է, և լիովին կարգի բերելու համար հարկ կլինի նորից գալու», - ասել է Մոնդը:
Ինչպես հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը, արդեն իսկ նախնական պայմանավորվածություն կա, որ մինչև փառատոնի սկիզբը` հունիս ամսին, Քրիստոֆեր Մոնդը և իր ընկերության ևս երկու ինժեներներ կրկին կժամանեն Հայաստան: