24 ապրիլի 2011 - 20:25 AMT
Դիարբեքիրի Փաստաբանների ասոցիացիան կոչ է անում քրեական գործ հարուցել Հայոց ցեղասպանության մեղավորների դեմ

Դիարբեքիրի Փաստաբանների ասոցիացիան և մարդու իրավունքների հասարակական կազմակերպությունը 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառում են անցկացրել: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցած իրավաբան և փաստաբան Մեհմետ Էմինը պատմել է Դիարբեքիրի վիլայեթից հայերի տեղահանման մասին: Նրա խոսքով` պետությունը պետք է ներողություն հայցի անարդարության և կեղեքումների զոհերի ժառանգներից: «Մենք պետք է գիտակցենք անցյալը, որպեսզի պաշտպանենք ճշմարտությունը: Հայոց ցեղասպանության ժամանակ խախտվել է կյանքի իրավունքը, բռնի տեղահանում է իրականացվել, որն անթիվ մահերի լրացուցիչ պատճառ է դարձել: Տեղահանվածների վրա ավազակախմբեր էին հարձակվում, որոնք նույնպես մեղքի բաժին ունեն հանցագործություններում: Հարկավոր է քրեական գործ հարուցել և անկախ հետազոտողների համար բացել պետական արխիվներն ու ազնվորեն ճանաչել զոհերի թիվը»,- ասել է Էմինը, գրում է Etkin Haber Ajansi-ն: