24 ապրիլի 2011 - 21:12 AMT
Թեհրանի հայերն Իրանում ակտիվորեն տարածում են «Արմին Վեգներ` Հայոց ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը

Թեհրանի հայ համայնքը հարգանքի տուրք են մատուցել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Թեհրանի հայ համայնքի անդամ Ռուբեն Սարդարյանը, ապրիլի 24-ի առավոտյան Հայ Առաքելական եկեղեցու Իրանի թեմի առաջնորդի նստավայրում նշեցին Զատկի տոնը, իսկ հետո` կեսօրին, Թեհրանի հայերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան-խաչքարին:

«Ցանկանում եմ նշել, որ Թեհրանում ոգեկոչման միջոցառումները մեկնարկել էին դեռևս ապրիլի 19-ին: Հայկական միություններում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություններ և ֆիլմերի ցուցադրություններ էին կազմակերպվել: Հայ համայնքին հաջողվել է պարսկերեն թարգմանվել «Արմին Վեգներ` Հայոց ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը և այն իրանցիների շրջանում տարածել DVD տարբերակով»,- ասել է Սարդարյանը:

Ապրիլի 28-ին Թեհրանի հայերը երթ կանցկացնեն մայրաքաղաքում, որից հետո «Արարատ» հայկական միությունում, որը Իրանում հայկական մշակութա-կրթական խոշորագույն օջախներից մեկն է, կկազմակերպվի դասախոսություն 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության մասին: