24 ապրիլի 2011 - 21:35 AMT
Ապրիլի 24-ին և 25-ին Բեյրութում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված միջոցառումներ

Ապրիլի 24-ի երեկոյան Անթիլիասում` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի նստավայրում, տեղի կունենա 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, միջոցառման նախաձեռնողներն են երեք հայկական ավանդական կուսակցությունները` ՀՅ Դաշնակցություն, Հնչակյան և Ռամկավար-Ազատական:

«Անթիլիասի միջոցառմանը ելույթ կունենա Նորին Սրբություն Արամ Ա-ն և Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Ապրիլի 25-ին վաղ առավոտից մինչև ուշ երեկո Բեյրութում Հայաստանի դեսպանատունը սգալի ամսաթվին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացնի` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Կցուցադրվեն ֆիլմեր, կբացվի ցուցահանդես: Հրավիրված են Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսը, հասարակական կազմակերպություններ և ԶԼՄ ներկայացուցիչներ»,- ասել է Կանդահարյանը: