25 ապրիլի 2011 - 12:41 AMT
Երևանում քննարկվում է մամուլի դերը հայ-թուրքական հարաբերություններում

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում ապրիլի 25-26-ին անցնում է «Հայ-թուրքական հարաբերությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա ու արտացոլումը մամուլում» թեմայով միջազգային գիտաժողովը: «Հայ-թուրքական հարաբերությունները մեծ դեր են ունեցել և ունեն մեր երկրի և տարածաշրջանի, որոշ չափով նաև աշխարհի զարգացման գործում, ուստի այդ հարաբերությունների գիտական հետազոտությունն ու վերլուծությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն գիտական, այլ նաև գործնական տեսակետից»,-լրագրողներին է հայտարարել ՌՀՀ գործնական լրագրության ամբիոնի վարիչ Հայկ Բաբուխանյանը: Ըստ նրա, դա, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Բաբուխանյանն ասել է, որ խորհրդաժողովին քննարկվելու են հայ-թուրքական հարաբերությունները գիտական տեսակետից, կներկայացվեն Թուրքիայի քաղաքականությանը վերաբերսղ հետազոտություններ:

Բաբուխանյանը նշել է նաև, որ խորհրդաժողովում կքննարկվի և կուսամնասիրվի մամուլի դերը հայ-թուրքական հարաբերություններում: «ԶԼՄ-ները միշտ արտացոլում են հասարակության տրամադրությունները, ինչպես նաև ազդում են հասարակական կարծիքի վրա»,-նշել է նա: Բաբուխանյանը հավելել է նաև, որ խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն հյուրեր Ռուսաստանից, մասնավորապես, Սանկտ Պետերբուրգի համալսարանից:

Գիտաժողովի աշխատանքին մասնակցում է նաև ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որն ընթերցել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը գիտաժողովի մասնակիցներին, ինչպես նաև ողջունել է նրանց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունից: