25 ապրիլի 2011 - 17:28 AMT
Հայ ազգային կոնգրեսը Կարեն Անդրեասյանի միջնորդության կարիքը չունի իշխանության հետ երկխոսությունում

Հայ ազգային կոնգրեսը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի արված հայտարարությանը 2008 թվականի մարտի դեպքերի առնչությամբ: Կոնգրեսի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Հայ Ազգային Կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ դառնալու` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի կապակցությամբ հայտարարում ենք.

1. Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի և խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի և գործադիր իշխանության միջև կայանալիք երկխոսությանը:

2. Իշխանության և Կոնգրեսի միջև ուղղակի երկխոսության ձևաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա:

3. Իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք»:

Մարտի 25-ին Կարեն Անդրեասյանը իր հայտարարության մեջ մարտի դեպքերի վերաբերյալ նշել էր. «Կարևորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաև անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման և պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն և առողջ համագործակցություն՝ ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկությամբ»: