Հարյուրավոր հայեր հավաքվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ` ի նշան Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին Վաշինգտոնից, մի քանի տասնյակ ադրբեջանցիներ և թուրքեր նույնպես եկել էին դեսպանատան մոտ ակցիայի անցկացմանը խանգարելու համար: Դեսպանատան ճանապարհին ադրբեջանցիների մեքենան կանգնեցրել են երկու ոստիկաններ, որոնք պահանջել են բացել մեքենայի բեռնախցիկը, որտեղ եղել են բեյսբոլի մահակներ: Ոստիկանի հարցին, թե ինչու են ավտոմեքենայի ուղևորները մահակներ տանում խաղաղ ակցիայի համար, վարորդը չի կարողացել պատասխանել:
Ոստիկանները բաց են թողել մեքենան, որը շարժվել է թուրքական դեսպանատան մոտ, որտեղ արդեն հավաքվել էին հայերը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանի տուրք մատուցելու համար:
Թուրքերը և ադրբեջանցիները աղմուկ են բարձրացրել` բղավելով վիրավորական կարգախոսներ: Եթե չլիներ ոստիկանության միջամտությունը, դեսպանատան մոտ կարող էր ծեծկռտուք սկսվել, սակայն ոստիկաններն արագ կասեցրել են հայերի ցույցը ձախողելու թուրքերի փորձերը: Ադրբեջանցիները և թուրքերը ձեռքերում պահել են ցուցապաստառներ «Շնորհակալություն Ամերիկա, որ չես պատասխանում հայկական մեղադրանքներին» գրությամբ:
Թուրքիան և Ադրբեջանը Հայոց ցեղասպանությունն անվանում են «մտացածին» և հսկայական ջանքեր են գործադրում` համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար: