26 ապրիլի 2011 - 17:30 AMT
Հրանուշ Հակոբյանը Բրազիլիայի դեսպանի հետ քննարկել «Հայերի հետքերը Բրազիլիայում» ծրագիրը

Ապրիլի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին և դեսպանության մշակութային կցորդ Ֆլորիանո Ռեգիսին:

Ողջունելով հյուրերին` Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության առաջիկա ծրագրերը: Անդրադարձ կատարվեց Բրազիլիայի հայ համայնքի հիմնախնդիրներին:

Ներկաները քննարկեցին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում Բրազիլիայի դեսպանության համատեղ ջանքերով իրականացվելիք «Հայերի հետքերը Բրազիլիայում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում սեպտեմբերին Հայաստանի ազգային պատկերասրահում Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության անկախության օրվա առթիվ նախատեսվում է կազմակերպել բրազիլահայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես` «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով:

Դեսպան Մ.Նիկոդեմոսը նախարար Հ.Հակոբյանին տեղեկացրեց, որ Բրազիլիա կատարելիք առաջիկա այցի ընթացքում նախատեսում է հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին, ծանոթանալ նրանց հիմնախնդիրներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Սան Պաուլոյի հայագիտական կենտրոնին, որին աջակցում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: