26 ապրիլի 2011 - 20:10 AMT
Հալեպի Սբ. Հռիփսիմե մատուռում Սուրբ Պատարագ մատուցվեց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ

Ապրիլի 25-ին Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ Հալեպի հայկական գերեզմանոցի Սբ. Հռիփսիմե մատուռում մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո ցեղասպանության հուշարձանի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ և ծաղկեպսակների զետեղում: Միջոցառումներին ներկա էին հալեպահայ կրոնական համայնքապետեր, Սիրիայում կրոնական տարբեր ուղղությունների առաջնորդներ, տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հալեպահայ բարեգործական, մշակութային, կրթական, հայրենակցական միությունների ղեկավարներ:

Երեկոյան «Եսայան» սրահում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Նիստին ելույթ ունեցան գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը և օրվա բանախոս` «Քարեն Եփփե» Ազգային ճեմարանի տնօրեն Հակոբ Քիլեջեջյանը: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Հայոց Բերիո թեմի առաջնորդ Շահան եպիսկոպոս Սարգսյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: