26 ապրիլի 2011 - 20:15 AMT
Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Եգիպտոսում

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ Կահիրեի Պլըքտանյան սրահում կազմակերպվել էր ոգեկոչման հանդիսավոր երեկո: Հարյուրավոր ներկաներին իրենց խոսքն ուղղեցին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Այնուհետև տեղի ունեցավ դասական և հոգևոր երաժշտության համերգ Հայաստանից ժամանած անվանի տենոր Գևորգ Հաճյանի կատարմամբ:

Նախօրեին Կահիրեի և Ալեքսանդրիայի հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիներում մատուցվել էին հոգեհանգստյան պատարագներ: Ծաղկեպսակների զետեղման արարողություն էր տեղի ունեցել Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: