26 ապրիլի 2011 - 20:23 AMT
Ստրասբուրգում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Ստրասբուրգում (Ֆրանսիա) կայացան Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություններ: Ստրասբուրգում` Հանրապետության հրապարակում տեղակայված «Մեր Զոհեր» («A Nos Morts») հուշակոթողի հարևանությամբ, կայացավ Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման և ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին ներկա էին Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը, Ստրասբուրգում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ հայր Վաչե Հայրապետյանը, Ստրասբուրգի առաջին փոխքաղաքապետ Ռոբեր Հերմանը, փոխքաղաքապետ-գլխավոր խորհրդական Անրի Դրեյֆուսը, «Արևելքում քրիստոնեական գործունեության ասոցիացիայի» նախագահ Ալբեր Ուբեղը, Ստրասբուրգում գործող կաթոլիկ, ուղղափառ, անգլիկան եկեղեցիների առաջնորդներ, ալզասյան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ներկաների առջև ելույթներով հանդես եկան դեսպան Մնացականյանը, հայ համայնքի և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:

Ոգեկոչման արարողությանը հաջորդեց սուրբ Մադլեն եկեղեցում մատուցված համատեղ էկումենիկ պատարագ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: