27 ապրիլի 2011 - 12:32 AMT
Յուրա Մովսիսյանը կարծում է, որ ֆուտբոլի հայկական դպրոցը վերածնվում է

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Խաչքար» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի հավաքականի գործերը շատ լավ են ընթանում, և թիմն ապագա ունի:

«Եկել են երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք ազգային հավաքականի և իրենց ակումբների համար հանդես գալու փորձ ունեն: Մեզ մոտ աճում է նաև մեծ ռեզերվ: Արդեն նկատելի է, որ ֆուտբոլի հայկական դպրոցը վերածնվում է: Ինչ վերաբերվում է հավաքականին, ապա, իմ կարծիքով, խաղացողները վստահ չէին իրենց ուժերում. վստահությունը թիմ բերեց Վարդան Մինասյանը»,- նշել է Մովսիսյանը:

Ֆուտբոլիստը նշել է, որ հիմա իր համար գլխավորը վնասվածքից հետո շուտափույթ բուժումն է նախկին մարզավիճակին վերադառնալու համար. «Ես տարիներ շարունակ մարզումների հետևանքով մշակված խաղի մեկ ոճ ունեմ, որը պահանջում է համապատասխան ֆիզիկական մարզավիճակ: Ահա այդ ժամանակ ես կկարողանամ լիովին օգտագործել ուժերս` առավելագույնս «Կրասնոդարին» և իհարկե Հայաստանի հավաքականին օգտակար լինելու համար»:

Հարձակվողի կարծիքով, նա չէր կարող միանգամից մի քանի աստիճան վերև ցատկել և հանդես գալ եվրոպական սուպերակումբում: Նա ունի ֆուտբոլիստ Մովսիսյանի զարգացման իր պլանը, որը պետք է աստիճանաբար իրականացվի:

«Այո, խոսակցություններ և հրավերներ շատ են եղել, բայց ես այդքան էլ ուշադրություն չեմ դարձրել: Ես իմացել եմ, որ «Կրասնոդարը» նոր, լավ թիմ է: Ես երբեք չեմ վախեցել պատասխանատվությունից և ինչին էլ որ ձեռնամուխ եմ եղել, փորձել եմ ամեն գնով հասնել լավագույն արդյունքի: Հավանաբար, հենց դա էլ իմ կյանքի գլխավոր սկզբունքն է»,- ասել է Մովսիսյանը: