27 ապրիլի 2011 - 13:08 AMT
Հայաստանում կրկնահանցագործությունների թիվը աճել է 16 տոկոսով

Ըստ պետական վիճակագրության ծառայության տվյալների, 2008-2009թթ-ին Հայաստանում կրկնահանցագործությունների 16% աճ է գրանցվել: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնել է Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը և ասոցիացիայի հոգեբանական և սոցմանկավարժական բաժնի ղեկավար Արմինե Դավթյանը։

Ըստ Խաչատուր Մարոզյանի՝ որոշ կալանավորներ ազատվելուց հետո 2 ամիս անց կրկին հանցագործություն են կատարում և վերադառնում կալանավայր, որտեղ իրենց ապահով են զգում. «Մարդուն կարող է փոխել միայն աշխատանքը։ Իսկ մեր կալանավայրերում չկան աշխատատեղեր, կալանավորներն անգամ ազատ արձակվելուց հետո չեն կարողանում աշխատանք գտնել, ինտեգրվել հասարակության մեջ։ Շատ հաճախ ընտանիքները պատրաստ չեն լինում ետ ընդունել նրանց»։

Ըստ մանկավարժ Արմինե Դավթյանի, հանցագործությունների աճ է գրանցվել նաև դեռահասների շրջանում. «2005-2009 թթ-ին հանցագործությունների թիվը 8875-ից բարձրացել է 14339-ի։ Ընդ որում այս աճը հիմնականում նկատելիորեն փոխվել է 2008-2009-ի ընթացքում։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հանցագործությունների աճի պատճառները միայն սոցիալական չեն, այլև կապված են նաև մտածելակերպի հետ»։

«Գողական աշխարհում հեղինակություն ունեցողը կարողանում է լուծել իր հարցերը, այս մտածելակերպը գրավում է անչափահասներին, նրանք դրանով ապրում են, պարծենում, գտնում համախոհներ և կազմում խմբավորումներ»,- ասաց Խաչատուր Մարոզյանը և ավելացրեց, որ անչափահասների հանցագործությունների պատճառը ոչ միայն հասարակական վարքագիծն է, այլև անիրազեկությունը. «Նրանք անպաշտպան են և անիրազեկ, չգիտեն օրենքները։ Չգիտեն, որ կարող են դատվել»։

Ըստ Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի ուսումնասիրության, 2008-2009թթ-ին կրկնահանցագործությունների 7% աճ է գրանցվել նաև կանանց շրջանում. «Կանանց շրջանում վերջին տարիներին տարածվել են մարդասպանությունները, թրաֆիկինգը, խարդախությունները։ Իսկ անչափահասների շրջանում՝ խմբակային հարձակումները և խուլիգանությունը»։