«Ազգային պատկերասրահ» յոթերորդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրվում է հայ ականավոր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին, լրագրողներին է հայտնել փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը: «Այս գաղափարը ինձ համար հաճելի անակնկալ էր: Ես զարմացած եմ այդ փաստով, և հույս ունեմ, որ լավ կանցնի ամեն ինչ», ասել է Էդվարդ Միրզոյանը:Փառատոնին այս տարի կմասնակցեն հյուրեր Ֆրանսիայից, Իրանից, Գերմանիայից և Ռուսաստանից:
Փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգով, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի տարբեր ժամանակներում գրած ստեղծագործությունները, որին կմասնակցեն դաշնակահարներ Հայկ Մելիքյանն ու Ջուլիետա Վարդանյանը, երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը, «Արս Լունգո» դուետը և հիմնադրամի կամերային նվագախումբը Արամ Թալալյանի ղեկավարությամբ:
Մայիսի 5-ին ելույթ կունենան «Հայաստանի պատանի տաղանդներ» խումբը, մայիսի 10-ին` ֆրանսիացի ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին և դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, մայիսի 18-ին` ջութակահար Նիկոլայ Մադոյանը (Գերմանիա) կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի հետ, մայիսի 25-ին ռուսաստանցի Գլեբ Կարպուշկինը (գալարափող) հանդես կգա դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ: Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա մայիսի 31-ին, որին կմասնակցեն ռուսաստանցի ջութակահար Կարեն Շահգալդյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը:
Փառատոնը կազմակերպվում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից: