27 ապրիլի 2011 - 15:31 AMT
Հանքարդյունաբերությունը բավականին արագ վերականգնվեց ճգնաժամից հետո, գտնում է Գագիկ Խաչատրյանը

Հայաստանի հանքարդյունաբերությունը բավականին արագ վերականգնվեց ճգնաժամից հետո, սակայն, կան խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, ապրիլի 27-ին Երևանում հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ ՀՀ նախագահի հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների տնօրենների ու սեփականատերերի հետ աշխատանքային խորհրդակցության արդյունքում: Ըստ նրա, ոլորտում աշխատող 12 ընկերությունների շրջանառությունը 2010թ. 2009-ի համեմատ ավելացել է 85 մլրդ դրամով, իսկ վճարված հարկերի առումով 2010թ. ապահովել են 16,9 մլրդ դրամի եկամուտ՝ 7,9 մլրդ դրամի դիմաց: 2010թ. հանքարդյունաբերության մասնաբաժինը արդյունաբերության ընդհանուր կառուցվածքում կազմել է 17,7 տոկոս:

Հարկային և մաքսային բարեփոխումների եռամյա ծրագիրը, որն ընդունվել է Ազգային անվտանգության խորհրդում, նախատեսում է լայնածավալ աշխատանքներ, իսկ առաջին արդյունքներից է գործարարների շփումը հարկային մարմինների հետ միայն էլեկտրոնային ռեժիմով: Ըստ Գագիկ Խաչատրյանի, ոլորտի զարգացմանը կնպաստի նաև «Ընդերքի մասին» ու «Բնապահպանական ու բնօգտագործման վճարների մասին օրենքում» նախատեսվող փոփոխությունները: