27 ապրիլի 2011 - 16:04 AMT
Հայաստանում կբացվի ոստիկանության քոլեջ և ուսումնական կենտրոն

Հայաստանի ոստիկանության ակադեմիային կից կբացվի ոստիկանության քոլեջ և ուսումնական կենտրոն: Այդ մասին ոստիկանության բարեփոխման շուրջ խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

«Արդեն հինգշաբթի կառավարության նիստում որոշում կկայացվի ոստիկանության քոլեջի և ուսումնական կենտրոնի ստեղծման մասին: Քոլեջն երկամյա միջին մասնագիտական կրթություն կտա, իսկ կենտրոնում ուսուցումը կտևի 6 ամիս»,-ասել է Օսիկյանը:

Ինչպես հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալը, այժմ կազմվում են ընդունելության քննությունների թեստերը և արդեն աշնանը կսկսվի ընդունելությունը: Ըստ Օսիկյանի, քոլեջի և ուսումնական կենտրոնի բացումը կօգնի համալրել ոստիկանության շարքերը առավել պրոֆեսիոնալ մասնագետներով, որոնք կարող են զբաղեցնել կրտսեր և միջին պաշտոններ ոստիկանության համակարգում: