27 ապրիլի 2011 - 18:43 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդ բերված ծաղիկները վերամշակվեցին

Վերջին օրերին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մասնակցում են Երկրի օրվան նվիրված բնապահպանական միջոցառումների: Ծառատունկից զատ, ապրիլի 27-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորները մասնակցեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կազմակերպված խիստ խորհրդանշական միջոցառման: Հիշեցնենք, որ մինչեւ 2010 թ-ը, ապրիլի 24-ից հետո Ծիծեռնակաբերդում հավաքված միլիոնավոր ծաղիկներնամեն տարի հուշահամալիրից հեռացվում էին որպես աղբ: Անցյալ տարի Հիմնադրամն առաջարկեց անմեղ զոհերի հիշատակին նվիրաբերված բոլոր ծաղիկների հավաքման եւ հետագա կիրառման այլընտրանքային,առավել օգտակար, խորհրդանշական ու բնապահպանական տարբերակ:

Ինչպես անցյալ տարի, միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով հավաքվեցին եւ տեղափոխվեցին հուշարձանի հետնամաս, առանձնացվեցին ցողունն ու ծաղկաթերթիկները: Ծաղկի ցողուններից պատրաստվեց պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացված թերթիկները հիմնադրամի «Արեւորդի» էկո-ակումբների սաները կօգտագործեն թղթի վերամշակման եւ ձեռքով պատրաստված բացիկների ձեւավորման համար: Այդ թուղթը կօգտագործի նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը` հուշագրեր, շնորհակալագրեր եւ հրավիրատոմսեր գրելիս:

Ծաղիկների վերամշակման աշխատանքներն իրականացվում են անհատ կամավորների եւ տարբեր կազմակերպություններ ներկայացնող կամավորական խմբերի միջոցով: Այս տարի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 300 կամավորներ:

Աշխատանքներին մասնակցեցին կամավորական խմբեր ՎիվաՍել-ՄՏՍ-ից, Երեւանի պետական համալսարանից, Հայաստանում ամերիկյան համալսարանից, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցից, «Մակադամյան» հայ-կանադական ընկերությունից, «Հազարամյակի մարտահրավերներ Հայաստան» կազմակերպությունից:

ՖՈՏՈՇԱՐՔ