«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Գավառում երեք անձանց դեմ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորված երկու անձանց` Արամ և Արթուր Մարտիրոսյանների անունները կապվում են դատավոր Մնացական Մարտիրոսյանի հետ:
Թերթը նշում է. «մասնավորապես լուրեր են շրջանառվում, որ նշված անձինք Մնացական Մարտիրոսյանի հորեղբոր տղաներն են: Այս տեղեկությունը հնարավոր չի եղել պաշտոնապես ճշտել, քանզի դատավորի գործավարն ու քարտուղարը մեկնաբանություններ չեն տալիս: Դեպքը, որի շրջանակում կալանավորվել են Մարտիրոսյան եղբայրները, տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 5-ին, սակայն, դեպքի հետ կապված երեք հոգու մեղադրանք է առաջադրվել միայն այս տարվա մարտին: Հենց այդ գործով է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանին պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք առաջադրվել»: