28 ապրիլի 2011 - 12:51 AMT
Քաղաքագետ. Հայաստանում տեղի է ունեցել նախընտրական քարոզարշավի յուրօրինակ ֆալստարտ

Հայ ազգային կոնգրեսի քաղաքականության փոփոխությունը, մասնավորապես ՀԱԿ առաջնորդների արտահայտությունները, ուղղված են հասարակության ավելի լայն շերտեր ներգրավելուն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշել է, որ նախորդ ամիսների ընթացքում ՀԱԿ-ը հանդես է եկել արմատական հայտարարություններով, սակայն հիմա փորձում է փոխել քաղաքական պայքարի ռազմավարությունը: Միաժամանակ, քաղաքագետը հավելել է, որ ՀԱԿ-ը կարող է ցանկացած պահի փոխել պայքարի ընթացքը, եթե տեսնի, որ հասարակության չափավոր ուժերը ներգրավելու փորձերը չեն պսակվել հաջողությամբ:

Իսկանդարյանը հայտարարել է, որ Հայաստանում տեղի է ունեցել նախընտրական քարոզարշավի յուրօրինակ «ֆալստարտ»: Քաղաքագետի կարծիքով, մայիսին տեղի է ունենալու ընդդիմության ևս մեկ կամ 2 ցույց, իսկ հետո գալու է ամառային սեզոնը, և քաղաքական պայքարն ակտիվանալու է միայն աշնանը: Իսկանդարյանի կարծիքով, հիմա իշխանությունները և ընդդիմությունը խմբավորում են իրենց ուժերը և պատրաստվում են ապագա ընտրություններին: