28 ապրիլի 2011 - 20:11 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայ ազգային կոնգրես. Իշխանությունների հետ երկխոսության դուռը կիսաբաց է մնում

2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո 3 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի իշխանություններն արմատական ընդդիմությանը թույլ տվեցին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Ընդհանուր առմամբ հանրահավաքին 6 հազար մարդ էր մասնակցում` ավելի քիչ, քան ընդդիմության նախորդ հանրահավաքներին: Այս անգամ ընդդիմադիրների և ոստիկանների միջև ընդհարումների մասին չհաղորդվեց: Օրվա ընթացքում բազմիցս լուրեր էին հայտնվում այն մասին, որ ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Հայաստանի նախագահի նստավայրը: Սակայն արդյունքում երթը, որը, այնուամենայնիվ, կայացավ, ընթացավ բոլորովին այլ ճանապարհով` Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության Հրապարակ – Ազատության հրապարակ:

ՀԱԿ-ի հանրահավաքը մեկնարկեց երևանյան ժամանակով 18:00-ին: Այն ողջույնի խոսքով բացեց Հայոց Համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը, որը շնորհավորեց ընդդիմության համակիրներին Ազատության հրապարակն «ազատագրելու» կապակցությամբ: Մանուկյանը հայտնեց, որ այսօր Հայաստանում ընդդիմությունը` ՀԱԿ-ը թելադրում է քաղաքական օրակարգը, և իշխանությունները ստիպված են հաշվի նստել «նրա կամքի» հետ:

ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն իր հերթին հայտնեց, որ Հայաստանում «թավշյա հեղափոխություն» է սկսվել: Նրա խոսքով, հիմա ՀՀ իշխանությունները փորձում են ժողովրդին մոլորեցնել` հայտարարելով, թե Կոնգրեսը չի ցանկանում իշխանափոխություն: «ՀԱԿ-ի ծրագրերը նույնն են մնացել: Մենք պահանջում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ», - նշել է Զուրաբյանը:

Ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ` ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ ՀԱԿ-ի ներկայացրած 3 պահանջներից, որոնց իրականացումը անհրաժեշտ էր իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար, իրականացվել են երկուսը` հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում և երկրի ղեկավարության կողմից հայտարարված պատրաստակամությունը` ամբողջությամբ հետաքննել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները: Նա հույս է հայտնել նաև, որ ՀԱԿ-ի երրորդ պահանջը` անազատության մեջ գտնվող ընդդիմության համակիրների ազատ արձակումը, դեռ չի իրականացվել, սակայն, ինչպես նշեց ՀԱԿ-ի առաջնորդը, ՀՀ նախագահի վերջին հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության հռչակման օրը, նրանք ազատ կարձակվեն: Նա նաև ներողություն է խնդրել այդ մարդկանցից այն բանի համար, որ իրենց չհաջողվեց արագ ազատ արձակել նրանց, սակայն հույս հայտնեց, որ մայիսի 31-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը կկարողանան հանդես գալ երախտագիտության խոսքով:

Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է նաև, որ միջազգային հանրությունը վերջին օրերին երեք հարված է հասցրել Հայաստանին. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դադարեցրեց Հայաստանի ֆինանսավորումը, ԱՄՆ Պետքարտուղարությունն իր «Մարդու իրավունքների» վերաբերյալ 2010 թվականի զեկույցում Հայաստանը ներկայացրեց որպես տոտալիտար պետություն, իսկ ԵԽԽՎ-ից Հայաստանի վերաբերյալ համազեկուցողները Մոնիթորինգային հանձնաժողովի քննարկումներից հետո հանդես եկան հայտարարությամբ, որում որպես երկրի ներքին քաղաքական ճգնաժամի պատճառ մատնանշեցին 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի չբացահայտված լինելը: «Ինչո՞ւ պետք է Հայաստանի հետ նման տոնով խոսեն և առանց քաշվելու միջամտեն երկրի ներքին գործերին: Ինչո՞ւ պետք է երկրորդ կարգի պաշտոնյաները մեզ ժողովրդավարության դասեր տան: Հանուն ինչի՞ պետք է մեր երկիրը նման խայտառակության ենթարկվի»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Ընդ որում, ինչպես և սպասելի էր, Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը չի կարելի սպառված համարել, և իշխանությունների հետ երկխոսության համար դուռը «կիսաբաց» է մնում:

20:00-ին ընդդիմության հանրահավաքն ավարտվեց, մասնակիցները երթով շարժվեցին Երևանի կենտրոնական փողոցներով:

Երևանի կենտրոնական փողոցներով ընթացած երթից հետո ցուցարարները վերադարձան Ազատության Հրապարակ և պահանջեցին բողոքի ակցիան շարունակել նստացույցով: Սակայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներին հաջողվեց մարդկանց համոզել վերադառնալ տուն` կոչ անելով կրկին հավաքվել մայիսի 31-ին: Շատերը լքելով հրապարակը` ի լուր ամենքի հայտարարեցին, որ այլևս չեն գալու ընդդիմության հանրահավաքներին:

ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը կկայանա մայիսի 31-ին:

ՖՈՏՈՇԱՐՔ