29 ապրիլի 2011 - 11:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Շտեֆան Ֆյուլեն մտահոգություն է հայտնել հայ զինվորի սպանության առնչությամբ

Ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որն այցով գտնվում է Երևանում, մտահոգություն է հայտնել երեկ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի արդյունքում հայ զինվոր է զոհվել:

Ինչպես Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել Ֆյուլեն, եվրոպական հարևանությունը տարածաշրջանի երկրների հետ չի կարող կայուն ու անվտանգ լինել, եթե Հարավային Կովկասի ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում չկարգավորվեն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքների նորմերի հիման վրա: «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին ու հակամարտության հանգուցալուծմանը 3 հիմնական սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովրդների ինքնորոշման իրավունք»,-ասել է եվրահանձնակատարը:

Ապրիլի 28-ին` ժամը 16:15-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վազգեն Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը:

ՖՈՏՈՇԱՐՔ