29 ապրիլի 2011 - 11:20 AMT
Պաշտոնական Երևանը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ զինծառայողի սպանությունը

Զինվորների սպանությունները և սահմանին սադրանքները չեն նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին: Այդ մասին Երևանում ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նա ցավակցություն է հայտնել սպանված հայ զինծառայողի ընտանիքին և հարազատներին: ԱԳ նախարարը հիշեցրել է Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ ընդունած որոշման մասին, որտեղ կողմերը համաձայնություն են հայտնել վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և միջադեպերի հետաքննություն անցկացնել զորքերի շփման գծում կողմերի մասնակցությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Ապրիլի 28-ին` ժամը 16:15-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վազգեն Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը: