30 ապրիլի 2011 - 15:37 AMT
Թուրք հաքերները փորձում են համոզել ուգանդացիներին ու թայլանդցիներին, որ «հայերը ահաբեկիչներ են»

Ըստ թուրքական լրատվական կայքերի՝ թուրք հաքերները ջարդել են մի քանի հայկական և ֆրանսիական կայքեր։ Հաքերների խմբի անունն է «1923 թուրքական խումբ», գրում է Vesti.az-ը: Սակայն թուրքական ԶԼՄ-ները չեն նշում, թե ո՞ր կայքերն են կոնկրետ հարձակման ենթարկվել «1923 թուրքական խմբի» կողմից։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ նման հարձակումների մասին չի լսել, սակայն քիչ անց հայտնաբերեց, որ «1923 թուրքական խումբ»-ը կոտրել է մի քանի ուգանդական, թայլանդական, իտալական և այլ կայքեր և թողել է հաղորդագրություններ թուրքերեն լեզվով՝ «Հայերը ահաբեկիչներ են»։

Ըստ Սամվել Մարտիրոսյանի, հայերի դեմ պայքարելու համար սա բավականին անգրագետ ձև է. «Մի քանի կայքեր են ջարդել, որոնց մեջ միգուցե կան նաև հայկական և ֆրանսիական կայքեր։ Սակայն դեռևս նման տեղեկություններ չկան։ Ակնհայտ է, նրանք ման են գալիս խոցելի կայքեր, որոնք հեշտ է կոտրել։ Կոտրում են, հետո էլ հայտարարում, թե մեծ հայրենասիրական գործ են արել։ Էլ չասեմ, որ թուրք հաքերներն այնքան «գրագետ» են, որ բացի իրենց սեփական լեզվից այլ լեզվով չեն կարողանում հաղորդագրություններ թողնել»։