30 ապրիլի 2011 - 15:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հունգարիայում և Լեհաստանում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 25-ին Բուդապեշտում` Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են Հունգարիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Բուդապեշտի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հունգարահայ տարբեր կազմակերպությունների ղեկավարներ ու անդամներ: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել դեսպան Հովակիմյանը: Խաչքարի մոտ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են դրվել Հայաստանի դեսպանության, Հունգարիայի հայ ինքնավարության, հայ համայնքի տարբեր միությունների եւ անհատների կողմից: Միջոցառումից հետո Բուդապեշտի կենտրոնի Նադ Բոլդոգ Ասսոնի (Տիրամոր) եկեղեցում Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցվել է էկումենիկ պատարագ:

Ապրիլի 24-ին Վարշավայում` Հայաստանի դեսպանության բակում տեղադրված խաչքարի մոտ, տեղի ունեցավ մոմավառության արարողություն: Ներկաների առջեւ ելույթ ունեցան Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը եւ Լեհաստանի Սեյմի եւ Սենատի լեհ-հայկական պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը: Նույն օրը Վարշավայի հունակաթողիկ եկեղեցում հայ առաքելական եկեղեցու կարգի համաձայն տեղի ունեցավ պատարագ` նվիրված Քրիստոսի Հարության տոնին եւ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ