2 մայիսի 2011 - 16:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում բացվել է Անիի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ցուցահանդես

Մայիսի 2-ին Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում բացվել է պատմական Հայաստանի Անի մայրաքաղաքի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ցուցահանդես, որը կազմակերպվել է Արարատյան Հայրապետական թեմի, Աշխարհի հայ նկարիչների միավորման և «Արմենթել» ՓԲԸ-ի կողմից: Ցուցահանդեսը ներկայացնում է Անի մայրաքաղաքին վերաբերող 26 գեղանկարիչների 72 կտավներ: «72 նկարներից 54-ը արտանկարված են Զավեն Խաչատրյանի լուսանկարներից, իսկ մնացածը` էտյուդներ են, նկարված հենց Անիի ավերակներում: Հետաքրքրականն այն է, որ տարբեր նկարիչներ նույն տեղից նույն ավերակն են նկարել, սակայն դրանք իրարից բավական տարբերվում են», լրագրողների հետ զրույցում ասել է Աշխարհի հայ նկարիչների միավորման համանախագահ Ղազար Միրզոյանը: Նա նաև հավելեց, որ «ԱրմենՏելի» հովանավորությամբ նույն նկարները կտպագրվեն առանձին կատալոգով և կթողարկվի խտասկավառակ: Ցուցահանդեսին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Տեր Նավասարդ արք. Կճոյանը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, նկարիչներ, պատմաբաններ և այլոք: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 15-ը:

ՖՈՏՈՇԱՐՔ