3 մայիսի 2011 - 10:38 AMT
Մարի Ռոզ Աբուսեֆյանը Երևանում կներկայացնի «Մուսա լեռան 40 օրը» մենաներկայացումը

Մայիսի 16-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ամերիկաբնակ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը կներկայացնի Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» մենաներկայացումը: Ներկայացումը ունի երկու գործողություն: Թատերագրության հեղինակը բեմադրիչը և երաժշտական ձեւավորողը Մարի Ռոզ Աբուսեֆյանն է: Նա առաջին դերասանուհին է, որը հայ բեմ բարձրացրեց մեկ դերասանի կատարումը: Նա առաջին դերասանուհին է, որը միայնակ 20 տարբեր դերերով 1987 թ. ներկայացրել է Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որի պրեմիերան Սան Ֆրանցիսկոյում մեծ հաջողություն ունեցավ: Այս ներկայացումով դերասանուհին հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում` Լոնդոն, Թորոնթո, Մոնրեալ, Աթենք, Կիպրոս, Բեյրութ:

Մարի Ռոզ Աբուսեֆյանն իր թատերական կրթությունը ստացել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում: Երկար տարիներ աշխատել է Երեւանի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, բազմաթիվ դերեր է կատարել հեռուստատեսային եւ ռադիոյի գրական-թատերական հաղորդումներում, նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1983թ-ից դերասանուհին ապրում է Սան Ֆրանցիսկոյում: Մարի Ռոզ Աբուսեֆյանը անցյալ տարի Երեւանում հանդես է եկել 1915 թ. Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված «Գրիգոր Զոհրապ. Գողգոթայի ճանապարհին» մենաներկայացումով: