3 մայիսի 2011 - 17:48 AMT
Սերգո Կարապետյանը հավաստիացնում է, որ գալիք տարվանից տոկոսադրույքները գյուղացիների համար ավելի կնվազեն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Շիրակի մարզ այցելության առաջին կանգառը տարածաշրջանի ամենաբարձր գոտում գտնվող Լանջիկ գյուղն էր, որտեղ բնակիչները նրան դիմավորեցին ՀՀ կառարարության միջոցներով կառուցված և վերջերս բացված «Համայնքային կենտրոն» նորակառույցի մոտ: Լանջիկի հողերն անջրդի են, այդ է պատճառը, որ ավելի քան 1500 հա գյուղատնտեսական նշանակության տարածքների կեսը վերածվել է արոտավայրերի: Մնացածը զբաղեցնում են հիմնականում գարու և կարտոֆիլի ցանքատարածքները:

«Գալիք տարում հանրապետություն ներկրվելիք գյուղտեխնիկայից բացի, գյուղին կհատկացվի նաև այնքան հացահատիկի սերմացու, որը լիովին կբավարարի եղած պահանջարկը», - վստահեցրեց նախարարը:

Նույն խնդիրները բարձրաձայնեցին նաև ավելի քան 1500 հա վարելահողեր մշակող Հոռոմ գյուղի բնակիչները` միաժամանակ անդրադառնալով համայնքի ոռոգման ներքին ցանցի քայքայման պատճառով անջրդի մնացած շուրջ 500 հա հողերի խնդրին: Հարցին լուծում տալու և ցանցը վերականգնելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրտնտպետկոմի ներկայացուցիչ Կարեն Դադոյանը խոստացավ գյուղն ընդգրկել տալ ՀՀ ոռոգման համակարգերի վերականգնման առաջիկայում իրականացվելիք ծրագրերից մեկում:

Այցելության շրջանակներում հանդիպում-խորհրդակցություն անցկացվեց Ազատանում, որին ներկա էին նաև հարակից համայնքների բնակիչները և ղեկավարները, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: Սերգո Կարապետյանը շեշտեց, որ լուծվել է գյուղատնտեսության վարկավորման խնդիրը: Ի տարբերություն նախորդ տարիների 25 տոկոս դրույքով վարկի, այն այս տարի 14 տոկոս է , որի 4 տոկոսը սուբսիդավորում է ՀՀ կառավարությունը: «Գալիք տարվանից ավելի կնվազեն տոկոսադրույքները, կերկարացվեն վարկերի մարման ժամկետները, կարվի հնարավորը, որպեսզի գյուղացին կարողանա շարունակաբար օգտվել այդ ծառայությունից»: