4 մայիսի 2011 - 12:05 AMT
«Համակարգիչներ բոլորի համար» ծրագրի համակարգիչները համալրված կլինեն դասընթացներով, բառարաններով

Այսօր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և «Օրանժ Արմենիա» ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր «Համակարգիչներ բոլորի համար» ծրագրի շրջանակներում:

Հուշագիրը ստորագրեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և «Օրանժ»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ծրագրի շրջանակներում «Օրանժ»-ի վաճառասրահներում կվաճառվեն 0 % կանխավճարով և երկու տարի մարման ժամկետով դյուրակիր համակարգիչներ:

Ինչպես ասաց PanARMENIAN.Net-ի թղթակցին «Համակարգիչներ բոլորի համար» ծրագրի մենեջեր Ժենյա Ավետիսյանը, լինելու են մի քանի վենդեր ընկերություններ, որոնք կտրամադրեն համակարգիչները. «Կլինեն բազմաթիվ վենդերներ, յուրաքանչյուրը հանդես կգա բազմաթիվ պրոդուկտներով՝ առնվազն երեք դյուրակիր համակարգիչ և 1 ստացիոնար համակարգիչ»։

«Այս ծրագրի հիմնական նպատակն է համակարգիչների մատչելիության ապահովումը բնակիչների համար: Համակարգիչները ոչ միայն ժամանցի միջոց են, այլև աշխատանքի արտադրության միջոց: Քաղաքացիների համար կարևոր է, որ համակարգիչն օգտագործվի գիտելիքների ավելացման համար»,-նշեց նախարար Տիգրան Դավթյանը։

«Սա 21-րդ դարի նախագիծ է: Այս ծրագիրը նման է մեր կազմակերպության քաղաքականությանը՝ հեռավոր տարածքներում ինտերնետի հասանելիության ապահովման տեսանկյունից», -ասաց Բրունո Դյութուան:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ 2010-ին Հայաստան է ներկրվել 34 000-ից ավելի համակարգիչ, ինչը մեծ աճ է 2009-ի 6000-ի համեմատ։ Նա նաև ավելացրեց, որ ծրագիրը ծածկելու է ամբողջ Հայաստանի տարածքը. «Համակարգիչները համալրված կլինեն ոչ միայն ծրագրային փաթեթներով, այլև դասընթացներով, բառարաններով: Համակարգիչներին զուգահեռ ամրագրված կլինի ինտերնետ»։