4 մայիսի 2011 - 19:39 AMT
Հայաստանի դեսպանը կարևոր է համարում հայ-կատարական առևտրատնտեսական համագործակցության խորացումը

Մայիսի 2-ին Կատարի Պետությունում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը (նստավայրը` Աբու Դաբի) իր հավատարմագրերը հանձնեց Կատարի Պետության Էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիին:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Մելիքյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց էմիրին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կատարական հարաբերությունների զարգացման, միջազգային կառույցներում համագործակցության, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շրջանակ: Կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը, որը որակական նոր իրավիճակ կստեղծի երկու երկրների հարաբերություններում: Երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման համար, դեսպանը կարևորեց հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը:

Բացի պաշտոնական հանդիպումներից, դեսպանը հանդիպեց նաև կատարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրեց Հայաստանի ներկա իրավիճակը, խոսեց Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող թեմաների մասին, պատասխանեց ներկաների հարցերին: