4 մայիսի 2011 - 20:30 AMT
Վարչապետը դեղ արտադրող և ներմուծող կազմակերպություններին ներկայացրեց գործադիրի նոր որոշման դրական կողմերը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 4-ին կառավարությունում անցկացրել է խորհրդակցություն, որը վերաբերվում էր դեղ արտադրողների և ներմուծողների կողմից ներկայացված նամակ-դիմումին:

Գործադիրի կողմից նախկինում ընդունվել էր «Հայաստանի Հանրապետության դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումը: Այն նպատակաուղղված է ՀՀ դեղերի շուկայում մրցակցության բարձրացմանը և դեղերի գների նվազեցմանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, ներկաները դիմում-նամակում մտահոգություն էին հայտնել, որ այդ որոշման մեջ կան խնդիրներ, որոնք առնչվում են դեղերի նույնականացմանը, դեղերի տուփերում օտար լեզուներով ներդիրների առկայությանը և այլ հարցերի:

Վարչապետը լսել է դեղ արտադրող և ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչների մտահոգություներն ու առաջարկները և հայտնել, որ որոշման ընդունման նպատակը հնարավոր բարենպաստ գնային տարբերություններից օգտվելն ու շուկայում մրցակցության խթանումն է:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ այդ որոշմամբ հավասարակշռվում են դեղերի անվտանգության և շուկայում մրցակցության խթանման հարցերը: