4 մայիսի 2011 - 20:54 AMT
Կիրո Մանոյան. Մեծ Եղեռնի մասին բանաձևի մերժումը չի ազդի հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա

Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի մերժմամբ Ֆրանսիան որոշեց առավել չվիրավորել Թուրքիային: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` մեկնաբանելով այն, որ Ֆրանսիայի Սենատը մերժեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը: Նրա խոսքով, Ֆրանսիան այդպես հանդես է գալիս Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության դեմ, և օրինագծի ընդունումը ևս մեկ հարված կլիներ ֆրանս-թուրքական հարաբերություններին: «Այդ իսկ պատճառով Փարիզը որոշեց այլևս չվիրավորել Թուրքիային»,- ասել է Մանոյանը: «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար չի համաձայնել այն փորձագետների հետ, ովքեր այս որոշումը կապում են միջազգային հարթակում Թուրքիայի դերի ուժեղացմամբ:

Ընդ որում` Մանոյանը գտնում է, որ այդ որոշումն առանձնապես չի ազդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների վրա:

Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել էր 2006 թվականին: Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, օրինագծին «դեմ» է քվեարկել 196 սենատոր, «կողմ»` 74:

Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչներ են հավաքվել, այդ թվում` ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որպեսզի սենատորներին կոչ անեն օրինագծի ընդունման կողմից քվեարկել:

2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որով քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն Սենատը արգելափակեց այն:

Օրենքի հեղինակ Սոցիալիստական կուսակցությունը մտադիր է մտցնել օրենքը Սենատի օրակարգ: Օրենքը նախատեսված էր ներկայացնել մայիսի 4-ին:

Օրինագծի համաձայն, ցեղասպանությունը ժխտող մարդիկ կարող են ազատազրկվել հինգ տարով կամ 45 000 եվրոյի չափով տուգանվել: