Գերմանայի Դյուսելդորֆ քաղաք են սկսել ժամանել զբոսաշրջիկներ Եվրոպայի տարբեր երկրներից, հաղորդում է «ՏուրՄայակը»: Դյուսելդորֆում մայիսի 10-14-ը տեղի է ունենալու «Եվրատեսիլ 2011» ամենամյա երգի մրցույթը: Դյուսելդորֆի տնտեսական զարգացման գործակալությունը հուսով է, որ զբոսաշրջությունից ստացված եկամուտները մայիսին աճելու են 10-15 տոկոսով: Քաղաքի իշխանությունները նշում են, որ արդեն Դյուսելդորֆ են ժամանել բոլոր մասնակիցների պատվիրակությունները, ինչպես նաև սկսում են ժամանել լրագրողները:
Մասնագետների գնահատականներով, քաղաքային բյուջեն համալրվելու է շուրջ 140 մլն եվրոյով` ստացված գովազդից և «Եվրատեսիլի» հեռարձակումից: Դյուսելդորֆի օդանավակայանում, ուր ժամանում են մրցույթի մասնակիցները, հյուրերը, ինչպես նաև երկրպագուները, տեղադրված է 385 մետր երկարությամբ բաններ բոլոր մասնակիցների երկրների դրոշներով:
Մրցույթը տեղի է ունենալու 35 հազար տեղանոց «Դյուսելդորֆ արենայում»: Առաջին կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին, երկրորդը` մայիսի 12-ին: William Hill խոշորագույն գրասենյակի բուքմեքերների կարծիքով այս տարի մրցույթի ֆավորիտն է Ֆրանսիան:
Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնում է երգչուհի Էմմին, որը հանդես է գալու Boom-Boom երգով (երաժշտությունը` Apricota խումբ, խոսքերը` Սոսի Խանիկյան, գործիքավորումը` Արա Թորոսյան):