5 մայիսի 2011 - 19:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Պատմաբան Արա Սարաֆյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին Թալեաթ փաշայի գաղտնի զեկույցը

Լոնդոնում Կոմիտասի ինստիտուտը հրապարակել է պատմաբան Արա Սարաֆյանի «1917թ. Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց ցեղասպանության մասին» գիրքը: Աշխատանքում հավաքված են փաստաթղթեր թուրքական արխիվներից, Թալեաթի պահպանված մասնավոր գրառումներ, որոնք ապացուցում են, որ նա 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության կազմակերպիչն էր: Թալեաթը տեղահանում էր հայերին` հատուկ կարգադրություններ տալով թուրքական վիլայեթների նահանգապետերին: Թալեաթի զեկույցի համաձայն, Օսմանյան կայսրության հայ բնակչությունը ոչնչացվել կամ բռնագաղթվել է 1915-1917թթ. ընկած ժամանակահատվածում, նրանցից շատերը ձուլվել են: Հազարավոր հայեր բռնությամբ մահմեդականացվել են: Ինչպես գրում է Սարաֆյանը, 1917թ. Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Օսմանյան կայսրության փակ պաշտոնական տեսակետն է: Զեկույցը, անկասկած, պատրաստվել է Թալեաթ փաշայի անձնական օգտագործման համար: Այն չի հրապարակվել, քանի որ Ցեղասպանության կազմակերպիչը սպանվեց 1921 թվականին, և նրա այրին զեկույցը թուրք պատմաբաններին հանձնեց, որոնք, վերջապես, հրապարակեցին այն: Զեկույցի համաձայն, 1915-1917թթ. ընկած ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունում 1 150 000 հայ է անհետացել: Այդ թիվը ներառում է նաև այն 100 հազար հայերին, որոնք 1915 թվականին փրկվեցին փախուստի դիմելով: Հայերի մի ստվար զանգված մահացավ սովից և հիվանդություններից, սակայն նրանք չեն մտնում տասնյակ հազարավոր կանանց և երեխաների թվի մեջ, որոնք մահմեդականացվեցին կամ տեղափոխվեցին ձուլման ճամբարներ:

ՖՈՏՈՇԱՐՔ