5 մայիսի 2011 - 19:24 AMT
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենի հետ

Մայիսի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսին:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի` Հայաստանում վերջին հինգ տարիներին իրականացված օժանդակության ծրագրերի համար` նշելով, որ դրանք եղել են արդյունավետ և նպաստել են Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը:

Դանիել Յոհանեսը նշեց, որ ինքը Հայաստան է ժամանել անձամբ տեսնելու կորպորացիայի օժանդակությամբ իրականացված ծրագրերը և գոհ է դրանց արդյունքներից: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավարը նաև գոհունակություն հայտնեց ծրագրերի իրականացման ընթացքում Հայաստանի կառավարության հետ համագործակցության կապակցությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրված դինամիկան` ընդգծելով, որ այն համագործակցության համակողմանի ընդլայնման նոր հնարավորություններ է ստեղծում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: