6 մայիսի 2011 - 10:02 AMT
Երևանում գարնանային զորակոչը ընթանում է բնականոն հունով

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունցել Երևան քաղաքի զորակոչային հանձնաժողովի 2011թ.-ի գարնանային զորակոչի կազմակերպման և անցկացման անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Նիստին մասնակցել են Երևան քաղաքի զորակոչային հանձնաժողովի անդամները` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, տարածքային զինվորական կոմիսարները, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը, Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները:

2010 թվականի աշնանային զորակոչի հաշվետվությամբ և 2011թ.-ի գարնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել տարածքային զինվորական կոմիսարները: Ներկայացված զեկույցների համաձայն` նախորդ տարվա աշնանային զորակոչի պլանային առաջադրանքները Երևան քաղաքում կատարվել են 100,3 տոկոսով, զորակոչից խուսափած զինակոչիկների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:

Ինչ վերաբերում է 2011թ.-ի գարնանային զորակոչի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ապա զեկուցվել է, որ ընթանում են բնականոն հունով: Տարածքային զինկոմիսարիատները ակտիվորեն համագործակցում են տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ` առաջադրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: