6 մայիսի 2011 - 10:33 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի տնտեսության ոլորտում 4 կառույցներ օրինականացրել են իրենց համագործակցությունը

Մայիսի 6-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջև «Ինֆորմացիայի և ռեսուրսների փոխանակման համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Փոխըմբռնման քառակողմ հուշագիրը ստորագրել են կառույցների ղեկավարներն ի դեմս էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանի, ԶԱԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի:

Կարևորելով հուշագրի ստորագրումը` Տիգրան Դավթյանը նշել է, որ «դրանք այն կառույցներն են, որոնք ձեռք ձեռքի տված աջակցում են երկրի տնտեսության զարգացմանը»:Միաժամանակ, նախարարության ղեկավարը նշել է, որ կառույցներից յուրաքանչյուրն ունի իր հնարավորությունները և ռեսուրսները, որոնք այսուհետ հասանելի են լինելու հավասարապես բոլորի համար, առավել ևս, որ նրանք բոլորը մասնակցում են նախարարության քաղաքականության և ռազմավարության ձևավորմանը: Իր հերթին Ռոբերտ Հարությունյանը հավելել է, որ համակարգված աշխատանքը թույլ է տալու հասնել այն խնդիրների լուծմանը, որոնք դրել է իր առջև կառավարությունը և հուշագրի կողմերից յուրաքանչյուրն առանձին վերցրած:

ՖՈՏՈՇԱՐՔ