6 մայիսի 2011 - 15:35 AMT
ՄԱԳԱՏԷ-ի հանձնախումբը Հայաստան կժամանի հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը ստուգելու համար

Մայիսի 16-ին Հայաստան կժամանի Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը: Աշխատանքային խմբի մեջ ընդգրկված են 9 երկրների ատոմային էներգետիկայի լավագույն մասնագետներ: OSART հանձնախմբի այցելության նպատակն է ուսումնասիրել հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության վիճակը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության մամլո ծառայությունը, նման աշխատանքային խմբերում ընդգրկվում են նաև Հայաստանի ատոմային էներգետիկայի մասնագետները, երբ OSART-ը ուսումնասիրություններ է կատարում այլ երկրների ատոմային կայաններում:

Հայաստանի ԱԷԿ-ի շահագործման անվտանգության խնդիրը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Այսօր ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այդ են վկայում նաև անվտանգության մասով միջազգային այլ հանձնախմբերի` պարբերաբար իրականացրած մոնիտորինգի արդյունքները: Տեղեկացնում ենք, որ ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության հետ կապված որևէ մտավախություն չկա: