6 մայիսի 2011 - 19:28 AMT
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծն ընդգրկվել է ԱԺ մոտակա քառօրյայի օրակարգում

Հայաստանի Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկվեց «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը:

Նախագծով նախատեսվում է օրենքի ուժով պարտադիր զինվորական ծառայությունից տալ տարկետում համապատասխան հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մասնավորապես, սահմանելով, որ պարտադիր զինվորական զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում է տրվում հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողներին մինչև նրանց 19 տարին լրանալը, եթե համապատասխան զինվորական կոմիսարիատ են ներկայացնում ուսումնական հաստատության պաշտոնատար անձի կողմից տրված տեղեկանք` տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառության վերաբերյալ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին նստաշրջանի և մայիսի 10-12-ի նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար: