8 մայիսի 2011 - 16:58 AMT
Բակո Սահակյան. Մայիսի 9 խորհրդանշում է մեր ազատատենչ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինվորներին և վետերաններին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մայիսի 9-ը մեզ համար դարձել է ամենաթանկ ու նվիրական տոներից մեկը: Այն խորհրդանշում է մեր ազատատենչ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին, նրա անձնուրաց նվիրվածությունն ու հավատարմությունը Հայրենիքին և, իհարկե, հավատը լավի ու բարու հաղթանակի հանդեպ: Դրա վառ ապացույցը եղավ մեր պապերի ու հայրերի սխրագործությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Մյուս ժողովուրդների հետ պայքարելով դարի գորշ ժանտախտի` ֆաշիզմի դեմ, նրանք կործանումից փրկեցին համայն մարդկությանը:

Տարիներ հետո, երբ Արցախը հայտնվեց մեզ պարտադրված պատերազմի բովում, նրանց հերոսական օրինակով դաստիարակված սերունդները ապացուցեցին, որ իրենց նախնիների արժանի հետնորդներն են և նույնպես հաղթանակներ արձանագրեցին կենաց-մահու պայքարում: Դա ամենից առաջ Պաշտպանության բանակի ծնունդն էր, կանոնավոր ու մարտունակ բանակի, որն այսօր էլ հանդիսանում է մեր անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը: Դա Շուշիի ազատագրումն էր, որը դարձավ հայ ժողովրդի փառապանծ հաղթանակներից մեկը: Դա նաև մեր ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունն էր, ժողովուրդ, որը կարողացավ բռունցքվել օրհասական պահին և պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը:

Այս հաղթանակները իրականություն դարձնելու ճանապարհին իրենց կյանքը զոհաբերեցին հայ ժողովրդի լավագույն զավակները: Հավերժ փառք ու պատիվ Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված խիզախ հայորդիներին: Սիրելի հայրենակիցնե՛ր, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պանծալի Եռատոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ` կյանքի տարբեր բնագավառներում», հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: